Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա հետևյալ նկարագիրը՝
- Ինքնաբավ և արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ,
- Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարևան երկրների էներգամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց,
- Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա,
- Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով,
- Էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում:
- Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում,
- Սպառողներին հուսալի և անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված և կանխատեսելի սակագներ,
- Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների՝ մասնավորապես բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների և ձևերի բազմազանեցում, երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր։
- Ծրագրով նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ուղղությամբ՝ մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 2026-2036թթ երկարաձգման աշխատանքների իրականացում, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցում, Մասրիկ-1 55 ՄՎտ , Այգ-1 200 ՄՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցում, արևային շուրջ 120 ՄՎտ հզորությամբ թվով 5 ֆոտովոլտային էլեկտրական կայանների կառուցման ծրագրերի իրականացում, փոքր ՀԷԿ-երի, հողմային կայանների կառուցում։
- Աշխատանքներ կտարվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդման, բաշխման էլեկտրական ցանցերի, էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության, ջերմամատակարարման, գազամատակարարման, էներգախնայողության, թվային էներգետիկայի և էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը միտված այլ ուղղություններով։
- Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել էին արդիականությունը և անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: